Սիլոփիում թուրք իրավապահների և քուրդ զինյալների բախումից զոհեր ու վիրավորներ կան
International newsԹուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և թուրք իրավապահների միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
PKK-ի երիտասարդական թևը համարվող Հայրենասեր հեղափոխականների երիտասարդական շարժման (YDG-H) անդամների մուտքը Սիլոփի կանխելու նպատակով Անվտանգության վարչությունը տարբեր թաղամասեր զրահամեքենաներ է սկսել մտցնել, ինչի ընթացքում քուրդ զինյալները սկսել են հրազենից և ականանետներից կրակել նրանց վրա:
Երկկողմանի կրակոցների հետևանքով մահացել է 2 մարդ, իսկ 10-ը՝ այդ թվում և մեկ ոստիկան՝ վիրավորվել են: Շուրջ 6 տուն հրդեհվել է: Հաղորդվում է, որ Սիլոփիում բախումները շարունակվում են: