Վրաստանն ունի քարտ-բլանշ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար. Ջոնի Մելիքյան
PoliticsՎրացագետ Ջոնի Մելիքյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, խոսելով Վրաստանում տիրող ներքին վիճակի մասին, նշեց, որ, ընդհանուր առմամբ, երկրի քաղաքական վիճակը կայուն է, իսկ տնտեսական խնդիրների հետ կապված նկատեց.
«Այսօր Վրաստանում սոցիալական բավական բարդ իրավիճակ է, անգամ խոսակցություն կա, որ հացի գինն է բարձրանում, էներգատարների տարիֆներն են վերանայվում, քանի որ արժեզրկվեց լարին, եւ բարձրացավ դոլարի կուրսը: Իշխանությունն ինչ-որ կերպ հարցը պետք է լուծի, կատարի ներդրումներ եւ առեւտուր, ինչի համար էլ նա պետք է բարիդրացիական հարաբերություններ ստեղծի Ռուսաստանի հետ»:
Իսկ թե ինչպես պետք է Վրաստանը լավացնի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ Վրաստանի բարեկամ երկրները պատժամիջոցների ողջ ցանկ են գործի դրել գերտերության դեմ, Ջ.Մելիքյանը պատասխանեց. «Հիշենք, որ Եվրամիության պատժամիջոցներին Վրաստանը միացել էր դեռ անցած տարի: Մինչ վերջերս Վրաստանի բարձրաստիճան այրերի, այդ թվում՝ արտգործնախարարի մակարդակով հայտարարություններ էին հնչում այն մասին, որ սանկցիաներն այն քայլերը չեն, որոնցով կարելի է հարց լուծել:
Վրաստանի իշխանությունը գտնում էր, որ քաղաքական հարցերը պետք է քաղաքական հարթության վրա լուծվեն, այլ ոչ թե սանկցիաներով: Վրաստանը միացել էր Ռուսաստանի դեմ սահմանված15 կետերից ընդամենը մեկին, սակայն Ռուսաստանից ահազանգ եղավ, որը հարցականի տակ էր դնում Վրաստանի տնտեսական եւ առեւտրային ռեժիմը. սա սթափեցրեց Վրաստանին»:
Վրացագետը նաեւ նկատեց, որ Վրաստանին այսօր պետք է ռուսական շուկան, իսկ Ռուսաստանին ել հարկավոր է իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի մեծացնել եւ ամրացնել: Փոխշահավետ այս գործընթացներում հարկավոր են դիվանագիտական քայլեր.
«Իմ կարծիքով՝ դիվանագիտական խողովակներով երկխոսություն է եղել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ըստ որի՝ Ռուսաստանն այլ մոտեցում կցուցաբերի Վրաստանին: Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ը եւ Եվրոպան բավական հանգիստ կվերաբերվեն Վրաստան-Ռուսաստան հարաբերություններին, քանի որ ֆինանսապես չեն կարող աջակցել Վրաստանին:
Պետք չէ մոռանալ, որ այսօրվա դրությամբ կա Ուկրաինա, որը բավական լուրջ աջակցության կարիք ունի: Այս պարագայում Վրաստանն ունի քարտ-բլանշ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար»,- խոսքը եզրափակեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Սոսե Չանդոյան