Ավարտվեցին Համահայկական խաղերի հրաձգության մրցումները
SportՀամահայկական խաղերի ծրագրում հրաձգություն մարզաձևն առաջին անգամ ներառվեց այս տարի և ունի արդեն առաջին հաղթողներին:
Այս խաղերին մասնակցում էին 49 մասնակից Երևանից, Գյումրիից, Նոր Հաճնից, Նոյեմբերյանից,Աշտարակից, Վեդիից, Վանաձորից, Սստեփանակերտից, Աբովյանից, Նիկոսիայից, Լոնդոնից, Փարիզից, Թբիլիսիից, Կահիրեից, Քեսաբից, Ամերսֆորտից, Մոնրեալից և Բուենոս Այրեսից:
Բոլոր վարժություններում փայլուն հաղթանակ տոնեց Երևանի թիմը, միայն մեկ մեդալ ուղևորվեց հարևան Վրաստան. այն նվաճեց Լևան Արութինովը: Հայաստան, Սփյուռք և Արցախ եռամիասնության սկզբունքով սփյուռքի և Արցախի մեր հայրենակիցները ՀՀՖ-ի կողմից ստացան Համահայկական խաղերի մասնակցության հավաստագիր, հուշանվեր և ՀՀՖ-ի կրծքանշան: Բոլոր մասնակիցները, որպես հիշատակ, ստացան մրցաշարից հետաքրքիր նկարներ իրենց մասնակցությամբ:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ վարժությունում 1-ին տեղը զբաղեցրեց Հրաչիկ Բաբայանը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Կանանց պայքարում լավագույնը Մարիամ Միքայելյանն էր, իսկ եռյակում ընդգրկվել էին նաև Սվետլանա Տիգրանյանը և Սուսաննա Հովհաննիսյանը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղամարդիկ վարժության չեմպիոնը Նորայր Առաքելյանը,2-րդ տեղը զբաղեցրեց Զավեն Իգիթյանը, իսկ 3-րդ տեղը՝ Լևան Արութինովը: Կանանց մրցաձևում 1-ին տեղում Էլմիրա Կարապետյանն էր, 2-րդ տեղում՝ Գոհար Դանիելյանը, 3-րդ տեղում Աստ ղիկ Ղուկասյան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիկների պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը, ՀՀՖ-ի նախագահ Ա. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ֆիզիկական պատրաստության պետ Ա. Գրիգորյանը, Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը և այլ պաշտոնատար անձինք:
Մրցումները կազմակերպվեցին Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից` նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, և տեղի ունեցավ օգոստոսի 3-7-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում: