Թուրքագետ. Թուրքիայի գլխավոր թշնամին քրդերն են
International newsnews.am-ը գրում է.
Թուրքիայի գլխավոր թշնամիների դերում հանդես են գալիս քրդերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան պատերազմ հայտարարեց «Իսլամական պետության» ահաբեկիչներին եւ միացավ ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային, սակայն պարզապես պատճառ էր փնտրում՝ Քրդական աշխատավորական կուսակցությանը հարվածներ հասցնելու համար, թուրքագետը նշեց. «Շատերը դրանում անմիջապես կասկածեցին թուրքերին: Չնայած ես կասեի, որ այստեղ իրավիճակն ավելի բարդ է: Թուրքիան երկիր է, որը միջազգային հարաբերությունների առումով ցանկացած խնդրի վերաբերում է սեփական շահի տեսանկյունից»:
Վիկտոր Նադեին-Ռաեւսկիի խոսքով, ՔԱԿ-ը ստիպված էր զիջումների գնալ: Բանակցություններ սկսվեցին: «Թուրքական իշխանությունները զիջումների չգնացին, իսկ այդ զիջումները նորմալ, մարդկային իրավունքներն էին: Դա այն է, ինչին թուրքերը պատրաստ չեն: Այսինքն՝ քրդերը, որոնք ձգտում էին հասնել հավասար իրավունքների, իրենց իրավունքների հարգման, բախվեցին անհասկացողության կոշտ պատի: Եվ, համապատասխանաբար, վաղ թե ուշ այդ բանակցությունները պետք է խափանվեին: Պարզ է, որ Էրդողանը, ստանալով քրդերի ձայները, որոշեց կանգ առնել»,- նշեց թուրքագետը:
Նադեին-Ռանեւսկիի խոսքով, նրա գլխավոր թշնամիները դարձան քրդերը. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը փորձեց ընդդիմությանն իր շուրջը համախմբել: «Բայց հենց քրդերն էին քվեարկում Էրդողանի օգտին եւ նրա կուսակցությանը թույլ տալիս մեծամասնություն ստանալ: Իսկ հիմա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վերցրեց այդ ձայները: Այդ հանգամանքով էլ պայմանավորված են Թուրքիայի քայլերը»,- ընդգծեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ հավելելով, որ կան նաեւ տնտեսական եւ քաղաքական շահեր:
«Քաղաքականը կայանում է նրանում, որ Անկարան կտրականապես դեմ է իր տարածքում քրդերին ցանկացած տեսակի ինքնավարություն տրամադրելուն: Սիրիական քրդերը համակրում են հենց Թուրքիայի քրդերին եւ գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Դա նույնպես շատ կարեւոր է, քանի որ թուրքերը նրանց կասկածում են Օջալանի կուսակցությանը՝ ՔԱԿ-ին սատարելու մեջ: Ստացվում է, որ թուրքերի գլխավոր թշնամին, իհարկե, քրդերն են»,- ամփոփեց թուրքագետը: