Էրդողանի կուսակցության եւ քրդական կուսակցության միջեւ կոալիցիան հնարավոր է. թուրքագետ
International newsnews.am-ը գրում է.
Քրդերի դեմ պատերազմը , որը սանձազերծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խաչ է քաշում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության միջեւ կոալիցիայի ստեղծման գաղափարի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ ընդգծելով, որ Թուրքիայում կոալիցիա ձեւավորելու հարցը շատ բարդ է:
«Բայց կարող է լինել նաեւ հակառակը. հնարավոր է, Էրդողանը այդկերպ փորձում է ստիպել քրդական կուսակցությանը կոալիցիա մտնել, որովհետեւ այդ դեպքում կոալիցիան բավական լուրջ կլինի: Քրդամետ կուսակցությունը 13 տոկոս ունի, իսկ Էրդողանի կուսակցությունը՝ 40 տոկոս: Այդ տարբերակը լրիվ հնարավոր է: Ես կասկածում եմ, որ սա խորամանկ արեւելյան մենթալիտետ է, որը կարող է բերել նման ելքի»,-նկատել է թուրքագետը:
Նրա խոսքով, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության միջեւ կոալիցիան ավելի անհավանական է, քանի որ վերջինս Էրդողանի կուսակցության թշնամին է:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը քիչ ձայներ ունի եւ շատ մեծ են տարբերությունները թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական հարցերում»,-ասել է թուրքագետը:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիայում, բոլոր դեպքերում, նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, Վիկտոր Նադեին-Ռաեւսկին պատասխանել է. «Դեռեւս ամեն բան դրան է գնում: Թուրքական մըածողությունը յուրատեսակ է: Եվ, իհարկե, ամենավերջին պահին կարող են ինչ-որ փոխզիջումներ գտնվել, թեեւ դա բավական դժվար է: Առեւտրի ժամանակ անզիջում լինելը, ընդհանուր առմամբ, նորմալ է թուրքերի համար, իսկ այս դեպքում հենց թուրքերն են իրար մեջ պայքարում»,-ամփոփել է թուրքագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ստացել է 40 տոկոս, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 24,96 տոկոս, «Ազգայնական շարժումը»՝ 16,3 տոկոս, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 13,1 տոկոս: