Ճապոնիայում վերագործարկվում Է առաջին ատոմակայանը՝ «Սենդայ»-ը
International news«Սենդայ» ատոմակայանի առաջին Էներգաբլոկի վերագործարկումը կիրականացվի օգոստոսի 14-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է կայանի գործարկու ընկերությունը՝ Kyushu Electric Power-ը (KEPCO):
Այսպիսով, դա կդառնա առաջին ատոմակայանը, որը Ճապոնիայում կվերսկսի իր աշխատանքը. ներկայում բոլոր 48 առեւտրային ատոմային ռեակտորները չեն գործում, քանի որ դրանք աստիճանաբար անջատել են 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած միջադեպից հետո:
Վերագործարկման թույլտվությունը գործարկու ընկերությունն ստացել Է տակավին անցյալ տարվա ամռանը, բայց տեղացի բնակիչների եւ պրեֆեկտուրայի իշխանությունների հավանությունն ստանալու համար պահանջվել Է գրեթե մի ամբողջ տարի: Ներկայում վերագործարկման թույլտվություն ունեն նաեւ «Սենդայի» եւս մեկ Էներգաբլոկ եւ «Իտակա» ատոմակայանի (Էհիմեի պրեֆեկտուրա) եւ «Տակահամա» ատոմակայանի (Ֆուկուիի պրեֆեկտուրա) երկու ռեակտոր, բայց դրանց աշխատանքի վերսկսման ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ատոմային Էներգետիկայից ժամանակավոր հարկադրական հրաժարման հետեւանքով Ճապոնիան ստիպված Էր երկրի Էլեկտրիֆիկացման հիմնական ծանրաբեռնվածությունը դնել ջերմակայանների վրա: Դրանց համար լրացուցիչ ծավալներով վառելիքի գնումը ծանր բեռ Է դարձել տնտեսության վրա եւ հանգեցնում Է երկրի վճարային պակասուրդի աճին: