Ֆերգյուսոնում շուրջ 60 ցուցարարներ են ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում
International newsԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում (Միսսուրիի նահանգ) շարունակվում են ակցիաները աֆրոամերիկյան բնակչության նկատմամբ ոստիկանության եւ իշխանությունների գործողությունների դեմ, ձերբակալված է շուրջ 60 ցուցարար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Բողոքի ակցիաների սկսվելու առիթ է դարձել 2014 թվականին քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանության տարելիցը:
Բողոքավորները փորձել են փակել քաղաք տանող գլխավոր մայրուղին, նրանց խոչընդոտել է ոստիկանությունը: Ավելի վաղ ցուցարարները փորձել են արգելափակել դատարանի շենքը Սենթ Լյուիս օկրուգում, որի մեջ մտնում է Ֆերգյուսոնը:
Օկրուգի ղեկավար Սթիվեն Սթենջերն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել քաղաքում:
«Նկատի առնելով անցած գիշեր Ֆերգյուսոնում տեղի ունեցած բռնություններն ու անկարգությունները եւ մարդկանց ու սեփականության համար պոտենցիալ վտանգը, ես օգտագործում եմ օկրուգի ղեկավարի իմ լիազորությունները եւ արտակարգ դրության ռեժիմ եմ մտցնում»,- ընդգծել է Սթենջերը:
Նախօրյակին Ֆերգյուսոնում տեղի ունեցած խաղաղ ցույցերը վերաճել են բախումների ու փոխհրաձգության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: