Մեծ Բրիտանիան կպատրաստի 2 հազար ուկրաինացի զինվորականների
International newsՄեծ Բրիտանիան մինչեւ 2016 թվականի մարտի 31-ը կպատրաստի 2 հազար ուկրաինացի զինվորականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել Է իր պաշտոնակից Ստեպան Պոլտորակի հետ Կիեւում կայացած հանդիպմանը:
«Բրիտանիան նպատակ Է դրել դասընթացներին մասնակցող ուկրաինացի զինվորականների թվաքանակն ավելացնել մինչեւ 2 հազար: Եվ մենք ցանկանում ենք այդ դասընթացներն ավարտել մինչեւ Բրիտանիայում ֆինանսական տարվա վերջը՝ մինչեւ մարտի 31-ը»,-հայտնել Է նա:
Ֆելոնը նաեւ տեղեկացրել Է, որ Մեծ Բրիտանիան ուկրաինական բանակի արդեն 100-ից ավելի զինծառայողների Է պատրաստել, եւ այդ ծրագիրն ընդլայնվելու Է:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա աշնանը կսկսեն Ուկրաինայի զինված ուժերի զինվորների ու սպաների ուսուցումը: Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, խոսքն ուկրաինական բանակի «ոչ մեծ ստորաբաժանման» մասին Է, որին ԱՄՆ-ի հրահանգիչներն ուսուցանելու են երկրի արեւմուտքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: