Ադրբեջանական բանկերի արտասահմանյան պարտքը հասել է 7 միլիարդի
International news2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` Ադրբեջանում գործող բանկերի արտասահմանյան պարտավորությունները կազմել են 9 մլրդ 629,1 մլն մանաթ, ինչը տարվա սկզբի համեմատ 33 տոկոսով ավելի է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Բանկերի արտասահմանյան պարտավորությունները ձեւավորվում են ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերի, դեպոզիտների, նրանց ներդրած արժեթղթերի հաշվին:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլիի կարծիքով` բանկերի արտասահմանյան պարտքի աճը վտանգավոր միտում չէ, քանի որ եթե պարտքերը նորմալ են կառավարվում, փոխանցումները հետ են վերադարձվում ժամանակին, դա բանկերի համար կորուստ չի ստեղծում:
«Սակայն, 2015 թվականի փետրվարին մանաթի` մոտ 35 տոկոսով արժեզրկումից հետո բանկային համակարգի վիճակը, եւ այդտեղ ստեղծված ֆինանսական դժվարությունները խնդիրներ են առաջացրել այդ պարտքերի վճարումների մեջ: Արժեզրկումից հետո ժամանակաշրջանում մանաթի թուլացման ֆոնին պարտքերի վերադարձումը հայտնվել է ռիսկի տակ: Իսկ դա Ադրբեջանի բանկերի համար խնդիրներ է առաջացրել», -ասել է Իբրահիմլին: