Ադրբեջանցի լրագրողների մարդասպանները մնում են անպատիժ. Amnesty International
International newsԼրագրող Ռասիմ Ալիեւի սպանության հետաքննությունն իր վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության խոստումը դժվար թե իրական արդարադատության բերի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Amnesti International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Արդեն շատ վաղուց Ադրբեջանի լրագրողները հետապնդումների եւ սարսափելի հարձակումների օբյեկտներ են դարձել, ինչպիսին Ռասիմ Ալիեւի սպանություն է: Չնայած անաչառ հետաքննությունների մասին իշխանությունների վստահեցումներին, այդ սպանություններում մեղավորները հաճախ մնում են անպատիժ», -հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալիա Նոզաձեն:
Նրա խոսքով` Ադրբեջանում արտահայտվելու ազատությունը մեռնելու վրա է:
«Այդ պատճառով իշխանությունները պետք է գործեն անմիջապես եւ արդյունավետ, որպեսզի պաշտպանեն լրագրողներին, քանի այդ ազատությունը վերջնականորեն չի մարվել», -նշել է Նոզաձեն:
Օգոստոսի 8-ին մոտ ժամը 18-ին Բաքվի Բաիլովի շրջանում «Բաքու մարկետ» խանութի դիմաց անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել լրագրող Ռասիմ Ալիեւին այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում քննադատել է «Գաբալա»-ի հանդիպումներից մեկում մրցակից թիմի խաղացողների նկատմամբ Ջավիդ Հուսեյնովի ագրեսիվ եւ ոչ վայել պահվածքը: Ծեծի ենթարկողները, որոնք եղել են Ջավիդ Հուսեյնովի մերձավորներն ու հարազատները լրագրողին բազմաթիվ մարմնական ծանր վնասվածքներ են պատճառել: Լրագրողը տարվել է Բաքվի կլինիկական բժշկական կենտրոն, սակայն օգոստոսի 9-ին ժամը 5-ին Ռասիմ Ալիեւը ստացած վնասվածքներից գիտակցության չգալով մահացել է: