Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ Թուրքիայի հետ պայմանավորվածություն չկա. ԱՄՆ պետքարտուղարություն
International newsԱՄՆ-ի եւ Թուրքիայի թուրքական Ինջիրլիք ռազմական օդանավակայանի օգտագործման մասին պայմանավորվածության մեջ Սիրայում անվտանգության գոտի ստեղծելու մասին խոսք չկա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Համաձայնության մեջ գլխավոր ուշադրությունը հատկացվում է թուրքական ռազմական օբյեկտին, այնտեղ խոսք չկա գոտու մասին: Մենք պայմանավորվել ենք Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների ոչնչացման ուղղությամբ համատեղ գործողություններ իրագործելու շուրջ հակազդեցություն ցուցաբելերու մասին», -ասել է նա` մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Սակայն CNN Turk հեռուստաալիքը, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին, հայտնել է, որ Ինջիրլիքի օգտագործման հետ միասին ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու մասին եւս:
«Թուրքիան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի ստեղծելու» հարցը», -Սինիրլիօղլուի հայտարարությունը մեջբերել է CNN Turk-ը:
Ըստ հեռուստաալիքի` անվտանգության գոտին կունենա 98 կմ երկարություն եւ 45 կմ լայնություն, որտեղ պետք է պարեկություն կատարեն այսպես կոչված Ազատ Սիրիայի բանակի ջոկատները:
Սինիրլիօղլուն նշել է, որ այդ գոտի ԻՊ-ի կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների ներթափանցման դեպքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ուժերը հարվածներ կհասցնեն նրանց դիրքերի վրա:
Washington Post թերթն ավելի վաղ հայտնել էր, որ «ԻՊ-ից ազատ» գոտում, հնարավոր է, տարաբնակեցնել հակամարտությունից Թուրքիա փախած մոտ երկու միլիոն սիրիացիներին: Բացի այդ, սիրիական ընդդիմության ձեւավորման հաջողության դեպքում նրանք որոշակի առավելություններ կստանան նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ պայքարում, ում հեռանալուն ձգտում են հասնել ԱՄՆ-ը: