Եթե Հայաստանն անգամ մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա մեր պետությունն ինքնավարական կարգավիճակ է ունենալու. Լեռնիկ Ալեքսանյան
PoliticsOrer.am-ը շարունակում է զրուցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանը մոտ ժամանակներս պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ կորցնելով իր անկախությունը:
Ինչպես նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, այդ հայտարարությունն անտրամաբանական է՝ Հայաստանը չի կարող մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
«Դա պրովոկացիոն հայտարարություն է, կան մարդիկ, որոնք նման հայտարարություններ են անում՝ ճանաչում ստանալու եւ մամուլի էջերում հայտնվելու համար: Անգամ ամենապարզ տրամաբանություն ունեցող մարդը, ով մի քիչ գոնե պատմություն է ուսումնասիրել, կհասկանա, որ այսօր Հայաստանի՝ Ռուսաստանի կազմում մտնելու գաղափարը չափից դուրս անտրամաբանական է ու հեռու իրականությունից»:
Պատգամավորը նաեւ մանրամասնեց. «Մտնել համագործակցության մեջ այլ բան է, եւ լրիվ ուրիշ բան է մտնել ինչ-որ պետության կազմի մեջ: Պուտինի նպատակն է Խորհրդային միության ինտեգրումը վերականգնելը, ինչը վատ բան չէ: Այդ ինտեգրացումը կարող է լինել այսօր տնտեսական, վաղն արդեն քաղաքական եւ անգամ ռազմական:
Այդ գործընթացները բնական են, այսօր գոյություն ունի Եվրամիություն եւ կարող է լինել դրան հակակշիռ: Բնական է նաեւ, որ 70 տարի միասնական քաղաքականություն վարած երկրները ցանկանում են համագործակցել:
Ինչ վերաբերվում է Հայաստանի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, ապա կարող եմ ասել, որ դա անգամ ռուսները չեն ցանկանա»:
Մեր այն հարցադրմանը, թե ինչու պետք է գերտերությունը դեմ լինի Հայաստանին իր կազմի մեջ մտցնելուն, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ պատճառն այն է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում արդեն իսկ կան շատ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք բնակություն են հաստատել հենց ՌԴ-ում:
«Այս պարագայում պարտադիր չէ, որ հայերն ինչ-որ կարգավիճակով մտնեն ռուսների կյանք: Պետք է նկատեմ, որ այսօր Ռուսաստանում կա ազգայնականների մի թեւ, որը դեմ է տվյալ պետությունում տարբեր ազգերի ներկայացուցիչների ավելացմանը»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ եթե Հայաստանն անգամ մտնի Ռուսաստանի կազմի մեջ, ապա մեր պետությունն «ինքնավարական կարգավիճակ է ունենալու»:
Սոսե Չանդոյան