ՀՀԿ-ականները կմիանա՞ն Նիկողոսյանից մեդալները հետ վերցնելու գործընթացին
PoliticsԻնչպես արդեն տեղեկացրել էր Orer.am-ը, օրերս ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանը հանդես էր եկել մի խայտառակ հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանը շուտով պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ` կորցնելով իր անկախությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության մեջ քիթը խոթող Նիկողոսյանի այս խոսքերը մի շարք պատգամավորների դժգոհությանն էին արժանացել: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անգամ կոչ էր արել ՀՀ ԱԺ նախագահին զրկել վերը նշված անձնավորությանը ԱԺ պատվո մեդալից, որը Նիկողոսյանին շնորհել էր ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Orer.am-ը, զրուցելով ՀՀԿ-ական պատգամավորների հետ, փորձեց ճշտել՝ արդյո՞ք նրանք կմիանան Նիկողոսյանից ԱԺ պատվո մեդալը հետ վերցնելու կոչին:
Հովհաննես Սահակյանը, նշելով, թե չի ցանկանում առհասարակ որեւէ մեկի կոչին միանալ, ասաց. «Չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ ստեղծված իրավիճակին կամ մեդալը հետ վերցնել: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր եւ պետաիրավականի նախագահ, ունեմ երկու զավակ, մեծ ընտանիք, նկատի ունեմ նաեւ հայրական ընտանիքս: Այդ մեծ ընտանիքով հպարտ եւ պարզ ճակատով ապրում եմ ազատ ու անկախ Հայաստանում:
Որեւիցե անգամ մտքիս ծայրով անգամ չի անցել, որ անկախությունը կարելի է ստորադասել այս կամ այն խնդիրներին, չեմ մտածել միանալ այս կամ այն գերտերությանը, որ ավելի լավ ապրենք, որ մեր սոցիալական խնդիրներն ավելի թեթեւանան:
Պետք չէ մոռանալ, որ կյանքը պայքար է, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ մեր մեծ ընտանիքն է, որի համար պետք է միախմբված ձեւով պայքարենք, որ մեր մեծ ընտանիքն ավելի լավ վիճակում գտնվի, եւ այնտեղ բնակվող մարդիկ էլ շատ ավելի լավ ապրեն:
Սա է ողջ իրականությունը, եւ հիմա պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններով ու կոչերով հանդես գալ եւ փորձել ինչ-որ գործընթացներ իրականացնել, սա ընդհանուր առմամբ եմ ասում՝ անգամ ցանկություն չունենալով խնդրին անդրադառնալ: Մեր երկիրն ունի իր տարածքը, իր դրոշը, իր զինանշանը եւ պետական բոլոր սիմվոլները, այնպես որ մնացած հարցերը երկրորդական են»:
Սամվել Նիկոյանն էլ նշեց, որ մեդալ հետ վերցնելն իր համար առաջնային խնդիր չէ. «Կարեւորը երեւույթն է եւ դրա դեմ պայքարը, մեդալ հետ վերցնելն ինձ համար առաջնային խնդիր չէ: Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացին, ով բնակվում է մեր երկրում, նման հայտարարությամբ է հանդես գալիս. ի՞նչ է՝ մենք պետք է չարձագանքենք ու դրան գնահատական չտա՞նք, լռենք, որովհետեւ նա մեդալ չունի՞, իհարկե` ոչ:
Իսկ ի՞նչ է՝ հիմա Հայաստանում Նիկողոսյաններ չկա՞ն: Ես չեմ ցանկանում գործող ԱԺ նախագահին խորհուրդներ տալ՝ լինելով ԱԺ նախկին նախագահ. դա սխալ մոտեցում կլինի: Նման մարդիկ կան եւ՛ Հայաստանի ներսում, եւ՛ մեր երկրի սահմաններից դուրս, նրանցից յուրաքանչյուրն էլ մրցակցում է՝ փորձելով դուր գալ ռուսական իշխանություններին որոշ մակարդակներում:
Ասեմ, որ դա շատ վտանգավոր է այն առումով, որ նրանք, ովքեր ցանկանում են հայ-ռուսական բարեկամության ամրապնդումը, պետք է շատ հստակ ու արժանապատիվ ձեւով իրենց լուման ներդնեն: Մեզ պետք են արժանապատիվ գործընկերային հարաբերություններ, նմանատիպ վասալային հոգեբանությամբ մարդկանց ծառայությունը ո՛չ մեզ, ո՛չ Ռուսաստանին պետք չէ: Նման մարդիկ վնասներ են տալիս հայ-ռուսական հարաբերություններին»:
Լեռնիկ Ալեքսանյանը եւս համակարծիք է իր ընկերների հետ. «Նիկողոսյանից մեդալը հետ վերցնելը ինչ-որ կարեւոր գործընթաց է: Գտնում եմ, որ նրան մեդալ են շնորհել այլ քայլերի եւ գործերի համար, որն այս ամենի հետ կապ չունի: Չեմ կարծում, որ մեդալ հետ վերցնելով՝ մենք ինչ-որ հարց կլուծենք: Ես այդ առաջարկը դրական չեմ համարում»:
Սոսե Չանդոյան