Արդյո՞ք Պերմյակովը կատարեց քաղաքական պատվեր` սպանելով Ավետիսյաններին. մեկնաբանում է Հովհաննես Սահակյանը
PoliticsՕրերս Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը վճռեց մարդասպան Վալերի Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման` առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության:
Հիշեցնենք, որ դատավճռի հիմքում են ընկած միավորված երեք հոդվածներ` ապօրինի զենք կրելը, դասալքությունը եւ զենքի հափշտակությունը: Կատարված հանցագործության եւ զինվորական գծով կայացված դատավճռի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ: «Որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ չեմ ցանկանա գնահատական տալ դատարանի որոշմանը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չեմ գործի նյութերին: Սա այն դեպքն է եւ այն դատավարությունն է, որի վերաբերյալ ինչ-որ բան ասելը դժվար է, քանի որ եթե նրան 10-20 տարի կամ ցմահ դատապարտեին, մեկ է՝ սրտներիս դարման չէր լինի, քանի որ այն ոճրագործությունը, որը կատարել էր այդ տականքը, որեւէ դատավարական գորժընթացի միջով անցկացնելու հարց չէր: Խնդիրը բացառապես բարոյահոգեբանական հարթության մեջ է»,- նշեց Հ. Սահակյանը հավելելով, թե մեր պահանջն այն էր, որ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում, որ մեր քննչական կոմիտեն, իրավական համակարգը զբաղվեին այդ հարցով, որ ամեն ինչ մեր աչքի առաջ լիներ եւ ընթանար:
Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ բացի դատարանների կողմից հրապարակված եւ հրապարակվելիք դատավճիռներից, մարդասպանն իր պատիժն անպայման կստանա Բարձրյալի կողմից: Հարցին, թե արդյո՞ք Ավետիսյանների սպանության մեջ նկատում եք քաղաքական ենթատեքստ՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելուն, պատգամավորը պատասխանեց հետևյալ կերպ: «Սա իհարկե իմ անձնական տեսակետն է, անձնավորությունը, որը կատարել էր այդ հանցագործությունը, ընդունակ չէ սրա կամ նրա պատվերը կատարել:
Հավանաբար, նա դուրս է եկել ինչ-ինչ հարցերով, ինչպես ինքն է նշել նախաքննական ցուցմունքում, որից հետո գործողությունների զարգացումը նման ուղղություն է ստացել: Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ասեմ, որ դրանք բավական ամուր են, միեւնույն ժամանակ, տարբեր երկրների համար աչքի զարնող: Հենց այդ առումով հարաբերությունները կարող են նաեւ խոցելի լինել: Հնարավոր է, որ որոշ գերտերություններ, պետություններ կփորձեն որոշակի խնդիրներ առաջացնել, բայց այս դեպքում ես չեմ կարող հերքել, բացառել կամ առհասարակ գնահատական հնչեցնել հարցի հետ կապված, քանի որ ինչպես ասացի, նախաքննական որեւէ տվյալի ծանոթ չեմ: Կատարվել է ոճրագործություն, որը պետք է ստանա իր պատիժը: Ինձ համար՝ որպես հայ մարդ, ընտանիքի հայր, այդ պատիժը` կլինի քսան տարի, թե ցմահ ազատազրկում, պարզապես օրենքի տառի խնդիրն է լուծում ոչ ավելի»,- խոսքը եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
Սոսե Չանդոյան