ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից պահանջել է հրաժարվել Հարավային Կորեայում զորավարժությունների անցկացումից
International newsԿԺԴՀ-ի պաշտպանության կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է անմիջապես հրաժարվել Հարավային Կորեայում նախատեսված ռազմական ուսումնավարժանքներից` սպառնալով պատասխան քայլեր ձեռնարկել և հայտարարելով, որ Փհենյանը տիրապետում է «աշխարհում չտեսնված» ժամանակակից զինատեսակների, այդ թվում և միջուկային:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Կորեայի լրատվական գործակալությունը:
Ամերիկայի և Հարավայի Կորեայի համատեղ զորավարժությունները, որոնք Փհենյանը համարում է ԿԺԴՀ-ի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն, անցկացվելու են օգոստոսի 17-28-ին:
«Որքան ինտենսիվորեն անցկացվեն այդ զորավարժությունները, այնքան ավելի ուժեղ են լինելու մեր ռազմական պատասխանները»,-ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: Երկրի պաշտպանության կոմիտեն, որը փաստացիորեն հանդիսանում է ԿԺԴՀ-ի իշխանության գլուխը, ԱՄՆ-ին հիշեցրել է, որ «հյուսիսկորեական ժողովուրդն ու բանակն այլևս այն չեն, որոնք մի ժամանակ ԱՄՆ-ի միջուկային զենքին դիմակայել են «հասարակ զենքով»: «Մեր երկիրն անհաղթ, ուժեղ պետություն է` զինված աշխարհում չտեսնված ժամանակակից հարձակվողական և պաշտպանական զինատեակներով` այդ թվում նաև միջուկային զենքով»,-ընդգծված է հաղորդագրության մեջ:
«Եթե ԱՄՆ-ն հրաժարվի մեր դեմ ուղղված թշնամական քաղաքականությունից, մենք նույնպես պատասխան քայլերի կգնանք: Եվ առաջին հերթին դա պետք է սկսել զորավարժությունների անցկացումից հրաժարվելուց»,-ասվում է հայտարարության մեջ:
Նման հայտարարություններով ԿԺԴՀ-ի իշխանությունները հանդես են գալիս բոլոր այն դեպքերում, երբ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ են անցկացվում: