Ավելի քան 850 հազար մարդ է մասնակցել Բրազիլիայի նախագահի քաղաքականության դեմ բողոքի ակցիաներին
International newsԲրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի քաղաքականության դեմ բողոքի մի շարք ակցիաներ են անցկացվել երկրի տարբեր քաղաքներում, ոստիկանության նախնական գնահատումների համաձայն՝ դրանց մասնակցել է 866 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Բողոքի ակցիաների մասնակիցները հանդես են եկել պետության ղեկավարի իմպիչմենտի օգտին: «Դիլմա, հեռացիր». այս կոչով են բողոքավորները դուրս եկել Բրազիլիայի մի քանի քաղաքների, մասնավորապես, պետության մայրաքաղաք Բրազիլիայի, Սան Պաուլոյի եւ Ռիո դե Ժանեյրոյի փողոցներ:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ երկու միլիոն մարդ:
«Մենք այլեւս չենք կարող հանդուրժել կոռուպցիան, չենք կարող հանդուրժել այսչափ դժբախտություններն ու տառապանքները… Եթե Կոնգրեսը (Բրազիլիայի խորհրդարանը) գեթ ինչ-որ բան հասկանում է, նա պետք է իմպիչմենտի որոշում ընդունի»,- գործակալությունը մեջբերել է Սան Պաուլոյում երթի կազմակերպիչներից մեկի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: