Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել`դադարեցնելու ռմբակոծությունները Դումա քաղաքում
International newsՍիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Խալեդ ալ Խոջան ռազմական հանցագործություն է որակել սիրիական օդային ուժերի կողմից Դամասկոսից 12 կմ հեռավորության վրա գտնվող Դումա քաղաքի ռմբակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ` ՄԱԿ-ից պահանջ ելով միջամտել և դադարեցնել Դումա, Զաբադանի, Իդլիբ և այլ քաղաքների ռմբակոծությունը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում:
Դումա քաղաքում է գտնվում «Ջեյշ ալ Իսլամ» զինված խմբավորման հենակետը, որտեղից խմբավորման զինյալները բազմիցս հարձակումներ են իրականացնում Դամասկոսի և մերձակա շրջանների թաղամասերի վրա: Տեղեկություններ են հաղորդվում, որ նախօրեին օդային հարվածների հետևանքով Դումա քաղաքում 82 մարդ է զոհվել, ևս 250-ը վիրավորվել է: Սիրիայի ընդդիմությունը հաստատում է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:
Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավարը կրկին կոչ է արել Սիրիայի տարածքում անցկացնել թռիչքներ համար արգելվող գոտիներ: «Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Սիրիայում ռազմական հանցագործությունների համար, այդ թվում համակարգի ղեկավարը, պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև»,- նշել է նա:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամները Մոսկվայում հանդիպել էին ղեկավարության հետ և քննարկել սիրիական ճգնաժամի լուծման հարցը: