ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նավթի գների էլ ավելի մեծ անկում չի կանխատեսում
International newsՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նավթի գների էլ ավելի մեծ անկում չի սպասում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախարարը նշել է լրագրողների հ ետ հանդիպման ժամանակ: «Կարծում եմ, որ մենք այժմ գտնվում ենք մի մակարդակի վրա, որից ավելի մեծ անկում դժվար թե լինի»,- նկատել է նա:
«Մեզ մոտ այժմ դոլարի միջին տարեկան փոխարժեքը 58 ռուբլու կարգի է` նավթի մեկ բարելի դիմաց մոտ 56 դոլար գնի (միջին տարեկան) պարագայում: Համապատասխանաբար, եթե դինամիկան մոտ լինի մեր կանխատեսումային գնահատականին, իսկ կանխատեսումային գնահատականը, հիշեցնեմ, պահպանողական էր և 50 դոլար էր մեկ բարելի համար, ապա դրան համապատասխանում է դոլարի դիմաց 60-61 ռուբլի կարգի կանխատեսումային գնահատականը»,- հավելել է Ուլյուկաևը:
Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի սեպտեմբերին մատակարարման ֆյուչերսի գինը նվազել է 1,2 տոկոսով մինչև մեկ բարելի դիմաց 48,6 դոլար:
Ուլյուկաևի խոսքով` տարվա արդյունքներով գնաճը կարող է կազմել 11 տոկոս: Տնտեսական զարգացման նախարարությունը, ամենայն հավանականությամբ, կվերանայի 2015թ. համար կանխատեսումն, այդ թվում` ՀՆԱ-ի ցուցանիշի առումով, սական ճշգրտումը մեծ չի լինի:
Ավելի վաղ նա ասել է, որ նախարարությունը կարող է վերանայել մակրոտնտեսական կանխատեսումն այն կապակցությամբ, որ երկրորդ եռամսյակի արդյուքներով ՀՆԱ-ի անկումը հասել է 4,6 տոկոսի և ավելի բարձր էր կանխատեսվող 4,4 տոկոս մակարդակից: Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ դեռևս սպասում է երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի դինամիկայի բարելավման: Նա գտնում է, որ ՌԴ-ն անցել է ՀՆԱ-ի անկման ստորին կետը: