Էկվադորը մտադիր է ՀՀ-ում հյուպատոսություն հիմնել
PoliticsԷկվադորը քննարկում է Հայաստանում հյուպատոսություն հիմնելու հնարավորությունը:
Այդ գործընթացին նպաստել է այն հանգամանքը, որ Հայաստանում գործում է հայ-էկվադորական բարեկամություն կազմակերպությունը, որը, մասնավորապես, Հայաստանում պաշտպանում է էկվադորցիների իրավունքները:
Orer.am-ի հետ զրույցում, հայ-էկվադորական բարեկամություն կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունը ոչ միայն Հայաստանում պաշտպանում է էկվադորի քաղաքացիների շահերը, այլ Էկվադորում՝ Հայաստանի քաղաքացիների շահերը: Նրա խոսքերով, ներկայումս քննարկան օրակարգում է Հայաստանում Էկվադորի հյուպատոսության հիմնումը, ինչի վերաբերյալ օրեր առաջ զրույց է ունեցել Էկվադորի դեսպան Խուլիո Պրադոյի (Julio Prado) հետ (նստավայրը՝ Մոսկվա):
Դեսպան Պրադոն նշել է, որ կարևորում է այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանում գործում է կազմակերպություն, որը պատշաճ ուշադրություն է դարձնում Հայաստանում և ինչու չէ տարածաշրջանում էկվադորցիների խնդիրներին, աջակցում Հայաստանում նույնիսկ ժամանակավորապես հաստատված էկվադորցիներին:
Վարդան Հարությունյանի խոսքերով, Հայաստանում գտնվող էկվադորցիների հարցերով զբաղվելուց բացի, իրենց կազմակերպությունը մշտական կապի մեջ է Էկվադորում բնակվող հայերի հետ, առաջիկայում այնտեղ ապրող հայերը հանդես կգան որպես կազմակերպված ու ակտիվ համայնք:
«Որպես համագործակցության հիմք, դեսպան Պրադոն առաջարկել է նախևառաջ զարգացնել մշակութային հարաբերությունները, որովհետև ամեն ինչի սկիզբն ու հիմքը մշակույթն է՝ նկատելով, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու լավ հեռանկարներ է տեսնում»,- հավելեց Վ. Հարությունյանը: