Գերմանիայի ԱԳՆ-ը երկրում թուրք դատախազների գտնվելու մասին տեղեկություն չունի
International newsԳերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարթին Շուլցը հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն Թուրքիայում պաշտոնանկ արված դատախազներ Զաքերիա Օզի եւ Ջելալ Քարայի Գերմանիայում գտնվելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Մարթին Շուլցը հայտարարել է գերմանական կառավարության խոսնակների ժողովում:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Գերմանիայի արդարադատության նախարարության խոսնակ Աննե Զիմերմանը: Նա եւս նշել է, որ թուրք դատախազների Գերմանիայում գտնվելու մասին տեղեկություններ իրենք չունեն եւ չեն կարող հաստատել թուրքական մամուլում այդ մասին շրջանառվող լուրերը:
Հետաքրքիր է, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից պահանջել է հանձնել փախած դատախազներին (Today`s Zaman): Ավելին նա սպառնացել է, որ «իր երկիրն ապագայում չի հանձնի որեւէ հանցագործների, եթե Գերմանիան հրաժարվի հանձնել դատախազ Զաքերիա Օզին»:
Թուրքիան որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ երկրից փախուստի դիմած դատախազներ Օզն ու Քարան, առաջինը հայտնվել են Վրաստանում, եւ իբր, այնտեղից էլ անցել են Հայաստան: Սակայն, այն բանից հետո, եր ՀՀ անվտանգության ծառայությունը հերքել էր թուրք դատախազների Հայաստան ժամանելու մասին լուրը, Անկարան անմիջապես հայտարարել է, որ նրանք գտնվում են Գերմանիայում:
Զաքերիա Օզն ու Ջելալ Քարան հանդիսանում են 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած` «Մեծ կաշառք» կոչված կոռուպցիոն սկանդալը բացահայտած բարձրաստիճան դատախազները: Այդ ժամանակ մերկացվել էին Էրդողանի որդու, դստեր եւ փեսայի, ինչպես նաեւ մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները:
Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Այդ խայտառակությունը կոծկելու նպատակով, Էրդողանի հրամանով Զաքերիա Օզն ու գործը ղեկավարող մյուս դատախազները հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից եւ նրանց նկատմամբ դատական գործեր հարուցվեցին:
Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը «գյուլենականներից մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: