Թուրքիայում ձևավորվող ժամանակավոր կառավարությունում ներկայացված կլինեն միայն ԱԶԿ-ն եւ քրդական ԺԴԿ-ն
International newsԹուրքիայում նոր կառավարություն ձեւավորելու համար սահմանված 45-օրյա ժամկետը լրանում է օգոստոսի 25-ին: Մինչ այդ կամ պետք է կոալիցիոն կառավարություն ստեղծեվի, կամ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է որոշի ընտրական կառավարություն ստեղծել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ հունիսի 7-ին խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու երկրի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեթ Դավութօղլուի բոլոր ջանքերն անհաջողության են մատնվել:
Խորհրդարանում համապատասխանաբար 132 եւ 80 պատգամավորական տեղեր զբաղեցրած Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական շարժում կուսկացությունները (ԺՀԿ, ԱՇԿ) «բոյկոտել» են անգամ ժամանակավոր կառավարություն ստեղծելու Դավութօղլուի առաջարկը:
Իսկ ահա, խորհրդարանում 80 պատգամավորական տեղեր զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որի հետ ԱԶԿ-ը չէր ցանկացել կոալիցիայի գնալ, չի հրաժարվել նախարարական պորտֆելներ վերցնել ընտրական կառավարության կազմում: Ենթադրվում է, որ մինչեւ հոկտեմբերի 18-ը կամ նոյեմբերի 22-ն անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ստեղծվելիք ընտրական կառավարության կազմում ԺԴԿ-ին երեք նախարարական պորտֆելներ կառաջարկվեն:
Ժամանակավոր կառավարությունում տեղերից ԱՇԿ-ի եւ ԺՀԿ-ի հրաժարվելուց հետո մնացած նախարարական 9 պորտֆելները պետք է բաժանվեն ԱԶԿ-ի եւ ՀԴԿ-ի միջեւ, հնարավոր է նաեւ, որ Էրդողանն այդ պաշտոններում առաջարկի անկախ թեկնածուների:
Ըստ պնդումների` Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ ստեղծվելիք ընտրական կառավարությունում ԱԶԿ-ն կզբաղեցնի 12, ԺՀԿ-ը` 3 նախարարություն, իսկ մնացած 12 նախարարական աթոռները կհանձնվեն անկախ պատգամավորների: