Մարդու իրավունքների խախտումներն Ադրբեջանում անարգանք են ԵԱՀԿ-ի նկատմամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
International newsՎիենայում ԵԱՀԿ-ի մշտական խորհորդում քննարկվել է Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների խախտման հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիվանագիտական աղբյուրներից «Թուրան»-ին հասած տեղեկության համաձայն` խորհրդում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակի մասին հարցը բարձրացրել են Եվրամիության, Կանդայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է ժխտել երկրում քաղաքացիների իրավունքների խախտումների մասին իրավապաշտպան կազմակերպությունների պնդումները:
Դրան ի պատասխան` ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դենիել Բայերը հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանում գագաթնակետին են հասել քաղաքացիական հասարակության եւ ազատությունների խախտումների փաստերը:
«Քաղաքացիական հասարակության խեղդումն Ադրբեջանում միայն իրավունքի հարց չէ, դա երկրի անվտանգության հարցն է», -ասել է նա:
Բայերը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանում իրավունքի եւ ազատությունների խեղդումն ազդում է նաեւ երկկողմանի հարաբերությունների վրա եւ դժվարեցնում այն:
«Բացի այդ, անդամակցությունը ԵԱՀԿ-ին նշանակում է որոշակի պատասխանատվությունների ընդունում: Դրանց խախտումը եւ անտեսումը կառույցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եւ բացասական ազդեցություն է գործում երկկողմանի հարաբերությունների վրա», -նշել է Բայերը: