Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի ներկայացուցիչներին մեծարեցին Հանրապետական մարզադաշտում
SportՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ կայացավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի հունիսը 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել էին լավագույնի կոչումը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ի դեմս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մանկապատանեկան ֆուտբոլին, որի զարգացումը և առաջընթացը հանդիսանում է մեր ֆեդերացիայի գլխավոր առաջնահերթություններից մեկը: Նախորդ տարվա համեմատ` այս տարի ավելացել են տարբեր տարիքային խմբերում հանդես եկող թիմերի քանակը, ինչը ուրախալի փաստ է»,- լրագրողների հետ զրույցում նշեցՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի բաժանմունքի ղեկավար Բաբկե ն Ղալոյանը:
Միջոցառմանը մասնակցեցին և բոլոր ուժեղագույններին ու անհատական անվանակարգերում լավագույն պատանի ֆուտբոլիստներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը:
Իր հերթին Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի կարծիքով` պատանիների մեծարման արարողությունը կխթանի պատանիների` որպես ֆուտբոլիստի, պրոֆեսիոնալ աճի և աշխատասիրությունը: «Երբ ես հանդես էի գալիս պատանիների տարբեր տարիքային խմբերի առաջնություններում, մեզ համար նմանատիպ միջոցառումներ չէին անցկացնում: Սակայն, ես ուրախ եմ, որ ներկայումս կազմակերպվում են այսպիսի միջոցառումներ, ինչը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր պատանի ֆու տբոլիստի համար»,- շեշտեց նա:
Տարիքային տարբեր խմբերի լավագույնների և անհատական անվանակարգերում հաղթողների ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ: