Գերմանացիների գլխավոր վախերը կապված են եվրագոտու պարտային ճգնաժամի հետ
International newsԵվրագոտու պարտային ճգնաժամը գերմանացիների գլխավոր վախն է՝ հետևում թողնելով ապրուստի թանկանալու և շրջակա միջավայրի վիճակի հետ կապված մտահոգությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է գերմանական խոշորագույն ապահովագրական ֆիրմաներից մեկի՝ R+V –ի տեղեկատվական կենտրոնը:
«Գերմանիայի բնակիչների հոգսերի մեծ մասը կապված են փողերի, շրջակա միջավայրի վիճակի և իրենց առողջության հետ»,-Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռիտա Յակլին: Ընկերության կողմից ամեն տարի անցկացվող հետազոտությանը մասնակցում է մոտավորապես 2,4 հազար մարդ:
Եվրագոտու պարտային ճգնաժամից երկյուղում է հարցմանը մասնակցած գերմանացիների 60 տոկոսը: Քաղաքագետ պրոֆեսոր Մանֆրեդ Գ.Շմիդտի խոսքով՝ երկրի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն անհանգստանալու դրա համար: Գերմանիան այն պետությունն է, որը պարտքերի մեջ խրված ԵՄ-ի երկրներին աջակցություն է առաջարկում չափազանց մեծ ծավալներով, նշել է նա:
Գերմանացիների մյուս գլխավոր վախերը կապված են ապրուստի թանկանալու (հարցվածների 55 տոկոս), բնական աղետների (51 տոկոս), ծերության օրոք խնամքի անհրաժեշտության (51 տոկոս), ծանր հիվանդությունների (47 տոկոս), ինչպես նաև պարտային ճգնաժամի հետևանքով եվրոյի փլուզման հետ (45 տոկոս):
R+V-ի կողմից հրապարակված վարկանիշի 12-րդ հորիզոնականն զբաղեցնում է Ուկրաինայի հակամարտությունը. դրա հետ այս կամ այն կերպ կապված երկյուղներ ունի հարցմանը մասնակցած գերմանացիների 37 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: