Էրդողանը կարող է արժանանալ Քադաֆիի ճակատագրին. Օջալան
International newsԹուրքիայում իրադրության վերահսկողությունից դուրս գալու դեպքում, նախագահ Թայիփ Էրդողանը կարող է արժանանալ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի ճակատագրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) Իմրալի բանտում ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի այս հայտարարությունը քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համագումարում հնչեցրել է DBP-ի համանախագահ Հաթիփ Դիջլեն:
Նշելով, որ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ է սկսել քուրդ ժողովրդի ձեռքբերումները վերացնելու համար, Դիջլեն ասել է. «Օջալանի հետ վերջին հանդիպման ժամանակ նա ասաց, որ թուրքերը չպետք է ոգեւորվեն իրենց բանակով, քանի որ այն ՆԱՏՕ-ի բանակ է, եւ եթե ներկայիս իրավիճակը Թուրքիայում դուրս գա վերահսկողությունից, ապա Էրդողանի եւ նրա իշխանության վերջը կլինի ոչ թե նախկին նախագահներ Օզալի թունավորման, կամ Մենդերեսի պես հեղաշրջման նման, այլ նրանք կարժանանան Քադաֆիի ճակատագրին»:
Անդրադառնալով Թուրքիայում կառավարման նախագահական համակարգ ստեղծելու Էրդողանի համառ գործողություններին` Դիջլեն նշել է, որ նրա ցանկությունը Թուրքիայում օսմանյան շրջանի բռնապետություն ստեղծելն է, ինչը քուրդ ժողովուրդը թույլ չի տա: «DBP-ն եւ Քուրդիստանն ուս ուսի տված կպայքարեն դրա դեմ», -ընդգծել է քուրդ կուսակցապետը: