ԱՄՆ-ում բորսայական ինդեքսները կտրուկ նվազել են Շանհայի բորսայում անկման ֆոնի վրա
International newsՇանհայի բորսայում անկումը, որտեղ Shanghai Composite Index-ը նվազել է 8,49%-ով` մինչև 3209,91 կետ, դարձել է պատճառ, որ ԱՄՆ-ում հիմնական բորսայական ինդեքները նվազեն Նյու Յորքի բորսայում սակարկությունների սկսվելու հետ մեկտեղ:
Ինչպես տեղելացնում է ՏԱՍՍ-ը, Dow Jones-ին ինդեքսը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշն, առաջին րոպեներին նվազել է 6,01%-ով` մինչև 15470,34 կետ, սակայն այնուհետև նվազումը դանդաղել է: S&P 500 ինդեքսը, որը ներառում է ամերիկյան շուկայի 500 ամենախոշոր ընկերությունները, նվազել է մոտ 100 կետով կամ 5,02%-ով, իսկ NASDAQ էլեկտրոնային բորսայի ինդեքսը նվազել է 7,7%-ով և հասել 4343,86 կետ մակարդակի:
«Ակնհայտ է, որ շուկան արձագանքում է Չինաստանում տիրող իրավիճակին և այդ երկրի ֆինանսական համակարգի ճգնաժամին: Խնդիրն այն է, որ հաճախ շուկայի մասնակիցներն սկսում են գործել իրենց տրամաբանությունից ելնելով»,- գտնում է NNInvestment Partners-ի շուկայական ռազմավարության դեպարտամենտի ղեկավար Վալենտին վան Նեյվենխուզենը:
J.P. Morgan Asset Management-ի ակտիվներով գործառնությունների դեպարտամենտի ղեկավար Նիկ Գարթսայդի կարծիքով` «շուկայի մասնակիցների մոտ հիմնական մտահոգույունն առաջացնում են հումքային հատվածի ընկերությունների բաժնետոմսերը, ինչպես նաև ձևավորվող շուկաներով երկրներում գործերի վիճակը և գլոբալ տնտեսությունն ընդհանրապես»:
«Ամենամեծ մտահոգությունն առաջացնում է այն, որ գլոբալ տնտեսության աճի տեմպերը շատ անկայուն են,- նշել է Ռաջիվ Բուշվան, IHS-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի ավազանի շուկաների վերլուծության դեպարտամենտի ղեկավարը:- Շատ բան կախված է այն բանից` կհաջողվի՞ արդյոք Չինաստանի ղեկավարությանը ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն երկրի տնտեսության աճի տեմպը 7% մակարդակի վրա»:
Ինչպես գտնում է City Financial-ի ակտիվների կառավարիչ Պիտեր Թուգուդը, այժմ կարելի է սպասել «կենտրոնական բանկերի շտապողական գործողությունների ևս մեկ շարք, սակայն դրա հետ մեկտեղ չեն շոշափվի առանցքային խմդիրները, որոնք առաջացրել են ներկայիս իրավիճակը»:
Apple-ի բաժնետոմսերի գինը, որոնք ուժեղ կախվածության մեջ են չինական շուկայում իրավիճակից, նվազել է 2,22%-ով` մինչև 103,62 դոլար, Microsoft-ինը` 2,48%-ով` մինչև 41,96 դոլար, General Electric-ինը` 2,32%-ով մինչև 24 դոլար, Google-ինը` 3,09%-ով` մինչև 624,20 դոլար, իսկ Citigroup-ինը` 4,07%-ով` մինչև 51,40 դոլար:
Անկման առաջատարը նավթարդյունահանող Cabot Oil & Gas Corp-ն է, որի բաժնետոմսերի գինը նվազել է 6,98%-ով` մինչև 22,71 դոլար, և հանքարդյունահանող Freeport-McMoRan Inc-ը, որրի բաժնետոմսերի գինը նվազել է 6,47%-ով` մինչև 8,96 դոլար:
WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը սակարկությունների բացումից հետո նվազել է 2,14 դոլարով` մինչև 38,29 դոլար, իսկ մեկ տրոյական ունցիա ոսկու գինը` 0,38%-ով մինչև 1164,00 դոլար: