ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան համաձայնել են թուլացնել ռազմական լարվածությունը
International newsԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ ռազմական լարվածությունը նվազել է երկու օր տեւած բանակցություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Փենյանը ափսոսանք է հայտնել հարավկորեացի զինվորների վիրավորվելու կապակցությամբ, որոնք ականի պայթյունից տուժել էին ապառազմականացված գոտում: Սեուլն իր հերթին համաձայնել է անջատել բարձրախոսները, որոնց միջոցով ԿԺԴՀ-ի ռեժիմի դեմ քարոզչություն է արվում Հյուսիսային Կորեայի հետ սահմանում:
ԿԺԴՀ-ն չեղյալ է հայտարարել ռազմական դրությունը, որը հայտարարվել էր այն բանից հետո, երբ կողմերի միջեւ փոխհրետակոծություն էր տեղի ունեցել: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ երկու Կորեաները հետագա բանակցություններ կանցկացնեն մայրաքաղաքներից մեկում, որոնք նպատակամղված կլինեն կապերի բարելավմանը: