Վենետիկի հանձնաժողով. Դուք եք ձեր երկրի եւ Սահմանադրության տերը
PoliticsԴուք եք ձեր երկրի եւ ձեր Սահմանադրության տերը: Այդ մասին Երեւանում, օգոստոսի 25-ին Հայաստանի քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա):
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե ամենամտահոգիչը կայուն մեծամասնության ձեւավորման հարցն է և այն, թե որ երկրներում է կայուն մեծամասնություն ձեւավորվում նման` մեզ համար անընդունելի եղանակով (89-րդ հոդված – խմբ), Քրիստոֆ Գրաբենվարտերը նշել է. «Սկզբնական կարծիքն իրականում ելնում է այն իրավիճակից, որը ձեւավորվել է Սան Մարինոյում: Հունաստանում եւս նմանատիպ լուծումներ են տրվել: Մեր խնդիրն է` ուսումնասիրել մնացած բոլոր համակարգերը: Մենք ապահովում ենք խաղի կանոններին համապատասխանություն, իսկ Սահմանադրությունը խաղի կանոնների ժողովածու է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծի ամբողջական տեքստն ուղարկվել է Ազգային Ժողով: Ակնկալվում է, որ Սահմանադրության փոփոխությունները կքննարկվեն երկրի խորհրդարանի աշնանային առաջին նստաշրջանի ընթացքում: