Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների տեղը ճաղերի հետեւում է. MYMEDIA
International newsՀամաշխարհային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ճնշումները չազդեցին Ադրբեջանի իշխանության վրա, որը գրեթե 10 տարով ճաղերի հետեւ նետեց երկու հայտնի իրավապաշտպանների` Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, իսկ լրագրող-հետազոտող Խադիջա Իսմայիլովային 9-12 տարվա ազատազրկում է սպառնում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է mymedia.org.uaկայքը` նշելով, որ Ադրբեջանում Յունուսներին տարուց ավելի պահել են կալանքի տակ: Նրանց մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության, իսկ Իսմայիլովային` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Կայքը հայտնում է, որ մի ամբողջ տարի լրագրողական հանրությունն ու միջազգային կազմակերպությունները, հանձինս ԵԱՀԿ, Human Rights Watch, Amnesty International եւ Լրագողների պաշտպանության կոմիտեի, ակցիաներ են անցկացրել ի պաշտպանություն ադրբեջանական «խղճի բանտարկյալների», եւ միաձայն պնդել են, որ նրանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են եւ պահանջել են ազնիվ դատավարություն, սակայն, ոչ մի արդյունքի չեն հասել:
«Խադիջա Իսմայիլովային դատում են շինծու մեղադրանքներով, իսկ իշխանությունները աչք են փակում դատական գործընթացին հրապարակային մասնկացությանը», - հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի եվրոպական եւ միջինասիական ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:
The Guradian թերթը մեջբերել է Human Rights Watch-ի ռուսական գրասենյակի տնօրեն Տատյանա Լոկիշինայի խոսքն այն մասին, որ «Ադրբեջանում ճաղերի հետեւոմ գտնվող իրավապաշտպանները քաղաքական եւ դատական մեքենայությունների զոհեր են, որոնք պատժվել են իրենց աշխատանքի համար»:
Ադրբեջանի իշխանությանը գործընթացի քաղաքականացնելը դադարեցնելու եւ թափանցիկ հետաքննություն ապահովելու կոչով հանդես են եկել ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները, սակայն, Բաքուն ավանդաբար արհամարհել է դա:
Արիֆ եւ Լեյլա Յունուս ամուսինների դատավարության հետ կապված Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը հայտարարել է, որ Յունուսների նկատմամբ դատավճիռը կարող է վերանայվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Reportes Without Borders կազմակերպությունը մամուլի ազատության վարկանիշում 190 երկրների մեջ Ադրբեջանին դասել է 162-րդ տեղում, իսկ Լրագրողներն առանց սահմանների կազմակերպությունը Ադրբեջանին մտցրել է ամենաշատ գրաքննության ենթարկող երկրների տասնյակի մեջ:
Միջազգային կազմաիերպությունների համաձայն` Ադրբեջանում ներկայում հաշվվում է մոտ 100 քաղաքական բանտարկյալ, որոնցից 20-ը «խղճի բանտարկյալ» է ճանաչվել: