Թուրքիայում վերանորոգում են պայթեցված ադրբեջանական գազատարը
International newsԹուրքիայում սկսվել են օգոստոսի 25-ին պայթեցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարի Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանով անցնող հատվածի վերանորոգման աշխատանքները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԶԼՄ-ներին հայտնել է Սարիղամիշի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Յուսիֆ Իզզեթ Քարամանը:
Նրա խոսքով` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների կողմից գազատարի պայթեցումից վնասը բավականին մեծ է: «Վնասվել է գազատարի 50 մ երկարությամբ հատվածը, ինչը պետք է փոխվի»,- ասել է նա:
Թուրքական իշխանավորի խոսքով` գազատարի աշխատանքը կվերականգնվի 4 օր հետո, երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները:
Գազատարի` PKK-ից կողմից պայթեցվելու առնչությամբ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Նրա խոսքով` հրդեհը շատ ուժեղ լինելու պատճառով հրշեջներին չի հաջողվել այն մարել կարճ ժամանակում:
Օզդեմիրն ասել էր, որ գազատարով գազի մղումն անմիջապես դադարեցվել էր, իսկ միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է եղել անգամ հարեւան Էրզրումի նահանգի տարածքից:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաեւ օգոստոսի 4-ին: