Թուրքմենստանում մարդիկ մահացել են` սպասելով երկրի նախագահին
International newsԹուրքմենստանում 10-ից ավելի մարդ հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ մոտ 7 ժամ սպասել են մայրաքաղաք Աշխաբադի «Քոփեթդաղ» մարզադաշատում անցկացվելիք հանդիսավոր արարողությանը երկրի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ժամանմանը: Նրանցից երեքը մահացել են, այդ թվում` մեկ երեխա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոսբալտ»-ը` հղում կատարելով «Մարդու իրավունքների գծով թուրքմենական նախաձեռնություն» նորությունների հրատարակչությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել «Քոփեթդաղ» մարզադաշտի վերակառուցումից հետո բացման ժամանակ: Աշխաբադում օդի ջերմաստիճանն այդ ժամանակ եղել է 40 աստիճանից բարձր: Մարզադաշտի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար մարդկանց ստիպել են մարզդաշատ գալ առավոտյան ժամը 5-ին: Բերդըմուհամեդովը հայտնվել է ժամը 11:45-ին: Այդ ամբողջ ժամանակահատվածում մարդիկ, որոնց մեջ եղել են մինչեւ 15 տարեկան երեխաներ եւ 70-ամյա ծերեր, ոտքի վրա սպասել են նրան: Նրանց չի թույլատրվել անգամ ջուր խմել, սնվել կամ զուգարան գնալ:
Այդ 7 ժամերի ընթացքում մոտ 50 մարդ կորցրել է գիտակցությունը, իսկ 5 երեխաներ եւ 9 տարեցներ տարվել են հիվանդանոց, որտեղ նրանցից երեքը մահացել են:
«Քոփեթդաղ»-ը հանդիսանում է Թուրքմենստանի խոշորագույն ֆուտբոլի մարզադաշտը: Այն բացվել էր 1997 թվականին, իսկ 2015 թվականին ենթարկվել վերակառուցման: