Էրդողանը հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը: Այն աշխատելու է մինչեւ արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին:
Ինչպես նշում է «Ռոսսիյա 24-ը»՝ կառավարության կազմում առաջին անգամ երկու քուրդ է ընդգրկվել՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներից: 11 պորտֆել բաժին է ընկել նախագահ Էրդողանի համախոհներին ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից: Մեկ տեղ էլ ընդդիմությանը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Ընդհանուր առմամբ կառավարության կազմում վարչապետի հետ միասին 26 մարդ է: Մնացած տեղերը զբաղեցրել են անկախ պատգամավորները:
Փոխվարչապետների պաշտոնները ժամանակավոր կառավարությունում ստացել են Տուղրուլ Թյուրքեշը, Ջեվդեթ Յըլմազը, Յալչըն Ակդողանը, Նուման Քուրթուլմուշը:
Արտգործնախարար է դարձել Ֆերիդուն Սինիրլըօղլուն, ներքին գործերի նախարար՝ Սելակի Ալթընոկը, պաշտպանության նախարար՝ Վեջդի Գյոնյուլյը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար՝ Ալի Ռըզա Ալաբոյունը, էկոնոմիկայի նախարար՝ Նիխաթ Զեյբեկչին:
Իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից ԵՄ հարցերով նախարարի պաշտոնն է ստացել Ալի Հայդար Կոնջան, զարգացման նախարի պաշտոնը՝ Մյուսլիմ Դողանը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Reuters-ը: