Կառավարությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկի ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո այն կուղարկի օրենսդիր մարմին
PoliticsՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկների մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագծում ամփոփված են հանրապետական գործադիր մարմինների ու պետական կառավարման այլ մարմինների դիրքորոշումները սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
«Առաջարկություններն ուղղված են Սահմանադրության նախագծի նորմերի իրավական որոշակիությանը, բովանդակության ճշգրտումներին, դրանց ավելի հստակ մեկնաբանման տեսանկյունից պարզ հստակեցումներին: Նախագծի վերաբերյալ կարծքիներն ամփոփվում են, այժմ գտնվում են վերափոխման փուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը՝ դրանց ամփոփման համար խնդրելով որոշակի ժամանակ:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ շուրջ վեց ժամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղելավար-նախարարի, ՀՀ փոխվարչապետի ու արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են նախագծի շուրջ առաջարկները: Վարչապետի խոսքով՝ առաջարկություններ են ներկայացվել նաև նախարարությունների ու գերատեսչությունների կողմից, որոնք արժանի են քննարկման: «Այսօր ՀՀ նախագահի հետ պայմանավորվել եմ, առաջարկում եմ, պարո'ն Հարությունյան, Ազգային ժողովի հետ քննարկումներ կազմակերպել, որին նաև նախարարներն ու գերատեսչությունենրի ղեկավարները կմասնակցեն, փորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ նախագիծը, կուղարկենք Ազգային ժողով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: