Սահմանադրական բարեփոխումներից երկու-երեք տարի հետո հետ վերադարձի գործընթաց է սկսվելու. Լ.Շիրինյան
PoliticsԵթե հայաստանյան ներքաղաքական կյանքում գարնանային սրացումները դեռ չսկսած ավարտվեցին՝ մի տեսակ դեպրեսիայի մեջ գցելով շատ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ապա աշնանային սրացումները կարծես թե աշնան նման գունեղ ու բազմաբովանդակ են լինելու:
Ամենաքննարկվող հարցերի թոփ 10-յակում, սակայն, շարունակվում է մնալ այն, թե արդյոք իրականում մեր երկրին այդքան անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումները:
Օrer.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը տեսակետ հայտնեց, որ, հավանաբար, մեր երկրում մարդկանց մի խումբ կա, ովքեր առաջնորդվում են սեփական կորպորատիվ շահերով և այդ է պատճառը, որ, անտեսելով կենտրոնախույս ուժերի գոյությունը, նման փոփոխություններ են ձեռնարկում:
«Ինձ համար զարմանալի է այն, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նման առաջարկություն անում, նույն այն ուժերն ու մարդիկ, ովքեր այսօր գովերգում են խորհրդարանական համակարգը, նրան փնովում էին: Ես դա չեմ հասկանում:
Ինչ վերաբերում է նախագահական և կիսանախագահական մոդելներին, ապա այն նման է մեր գերդաստաններին, որն իրեն փայլուն է դրսևորել ամեն ինչում: Ուրեմն ինչո՞ւ են ամեն ինչ խառնում իրար»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրության կիսանախագահական մոդելն իրեն չի սպառել և խորհրդարանական համակարգը կարող է նպաստավոր լինել երկրի առաջընթացի համար, Լևոն Շիրինյանն ասաց. «Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ առևտուր է լինելու վարչապետի, ֆինանսների նախարարի պաշտոնների համար:
Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց երկու-երեք տարի հետո հետ վերադարձի գործընթաց է սկսվելու և ասելու են, թե այս ինչ սխալ գործեցինք»,- ասում է Լևոն Շիրինյանը:
Նա համոզված է, որ կարճ ժամանակ անց, ամենայն հավանականությամբ, օրենսդրորեն կվերականգնվի նաև նախագահի ինստիտուտը, իսկ կուսակցությունները, որոնք այսօր ուղտերի քարավանների նման հերթ են կանգնել նախագահականի մոտ, ընդամենը իրենց տեղն են ուզում ապահովել ապագա խորհրդարանում: