Ուկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման վտանգը
International newsՈւկրաինայում առկա է պոլիովիրուսի տարածման «հատուկ վտանգ»` ազգաբնակչության շրջանում պատվաստման ոչ բավարար իրականացման հետևանքով:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին է նշված Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված է պոլիոմելիթի դեմ պայքարին:
Հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանում հաստատվել է պոլիովիրուսով վարակվելու երկու դեպք` չորսամյա և ինը ամսական երեխաների մոտ ընդարմացում է ախտորոշվել. Դեպքերն արձանագրվել են ընթացիկ տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին:
ԱՀԿ-ի տվյալներով` Ուկրաինայից վարակի ներթափանցման վտանգը այլ երկրներ բավական ցածր է, սակայն կազմակերպությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի Անդրկարպատների շրջանը սահմանակից է Ռումինիային, Հունգարիային, Սլովակիային և Լեհաստանին: «Անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները վերը նշված երկրներում սուր վարակների ներթափանցման դեպքերի արագ արձանագրման և ազգաբնակության շրջանում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ: