Երեւանի քաղաքապետը` երկրի կառավարման մոդելի փոփոխման վերաբերյալ
PoliticsԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Orer.am-ի հետ զրուցեց սահմանադրական փոփոխությունների մասին:
-Պարոն քաղաքապետ, ինչպիսի՞ն է ձեր տեսակետը սահմանադրական փոփոխությունների եւ քաղաքական տարբեր ուժերի` նախագահի հանդիպման հետ կապված:
-Ինչպես գիտեք, Սահմանադրությունում կլինի փոփոխություն՝ կապված երկրի կառավարման մոդելի հետ: Մենք պետք է հնարավորություն տանք մեր ազգաբնակչությանն ու մյուս քաղաքական ուժերին մասնակից լինել այս նախաձեռնությանը:
Մինչ օրս շատ ու շատ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ ընդդիմադիրներ, ժամանակ առ ժամանակ արտահայտվել են սահմանադրական փոփոխությունների եւ երկրի կառավարման մոդելի փոփոխման հետ կապված: Այսօր արդեն այդ առաջարկն է անում ՀՀԿ կուսակցությունը:
Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի` երկրի նախագահի հետ հանդիպմանը, ապա ասեմ` բոլորը պետք է մասնակից լինեն գործընթացին իրենց առաջարկություններով: Մենք բոլորս պետք է միասնական որոշում ունենանք մեր երկրի եւ վաղվա օրվա հետ կապված: Մենք պետք է ունենանք այն մայր փաստաթուղթը, որով էլ մեր երիտասարդ սերունդն ու այն իշխանությունը, որը հետո կլինի ու ում կընտրի ժողովուրդը, կկարողանա ավելի լավ կառավարել՝ երկրի տնտեսություն առաջ տանելով:
-Արդյո՞ք երկիրը լավ կառավարելու համար անհրաժեշտ էր, որպեսզի կառավարման մոդելը փոխվեր:
-Ինձ թվում է՝ այս ամենի հիմքում դրված են բազում ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են տարբեր երկրների կառավարման համակարգում: Մեր իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ գործում է, եթե փոփոխման առաջարկ է արվել, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա:
Կոնկրետ հոդվածների, առանձին գլուխների վերաբերյալ կարող են մասնագետները խոսել, որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ՝ ես էլ եմ կողմ այդ բարեփոխումներին: Մեզ համար դա քաղաքական որոշում է եւ կարծում եմ՝ լավ հնարավորություն եւ առիթ է առաջ շարժվելու համար:
Սոսե Չանդոյան