«Նախաճաշային դիվանագիտություն» Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ
International newsԵրկար ժամանակ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող հայտնի «խավիարային դիվանագիտության» մերկացումից եւ ձախողումից հետո Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ այժմ էլ «նախաճաշային դիվանագիտություն» է սկսվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Թոմ Շանոնը աշխատանքային նախաճաշի ժամանակ պետք է հանդիպի Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ: Աշխատանքային նախաճաշը պետք է սկսվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 12:30-ին: Քննարկվելիք հարցերի մասին տեղեկություններ չեն նշվում:
Սակայն հետաքրքիր է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դա Էլին Սուլեյմանովի հետ Թոմ Շանոնի երկրորդ նման հանդիպումն է: Ադրբեջանի դեսպանը Թոմ Շանոնի հետ աշխատանքային նախաճաշ էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ` օգոստոսի 11-ին: Այդ մասին այն ժամանակ եւս հայտնել էր Պետքարտուղարության կայքը: Հատկանշնական է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական շփումների փոքր-ինչ ինտենսիվացած ժամանակաշրջանում:
Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտորեն խախտումների պատճառով Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ սառը հարաբերությունները դեռ շարունակվում են, երկու կողմից էլ ջանքեր են դիտվում հարաբերությունները դարձյալ նախկին հուն վերադարձնելու ուղղությամբ: