ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը:
Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստի ընթացքում մենք քննարկել ենք արդարադատության նախարարի հարցը: Հանրապետության նախագահը Արփինե Հովհաննիսյանին այդ պաշտոնում նշանակելու հարցով խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ և իր որոշումը կկայացնի»,- նշեց Շարմազանովը:
Նա նաև շեշտեց, որ կուսակցության գործադիր մարմնի անդամները դրական են տրամադրված Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում տեսնելու հարցում:
«Մենք այն կարծիքին ենք, որ նա փորձառու և պրոֆեսիոնալ անձնավորություն է, և կարող է բարձր մակարդակով կատարել պարտականություններն իր պաշտոնում»,- նշեց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Նախագահը իր որոշումը կկայացնի:
Շարմազանովը նաև ընդգծեց, որ սեպտեմբերի 3-ի նիստում, բացի Արփինե Հովհաննիսյանից, արդարադատության նախարարի պաշտոնում այլ թեկնածուների հարց չի քննարկվել: ԳՄ նիստին մասնակցել է նաև Արփինե Հովհաննիսյանը, ով ԳՄ անդամ չէ: