Թուրքիայի մեջլիսը երկարաձգել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը
International newsԹուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները ևս մեկ տարով երկարաձգել են մանդատը, որը թույլ է տալիս թուրքական զինված ուժերին անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի և Սիրիայի տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 2014 թվականի հոկտեմբերի 2-ին վավերացրել էր մանդատը, որը թույլ էր տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: 396 պատգամավորներից 298-ը կողմ էին քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ: Ընդունված մանդատն ուժի մեջ էր լինելու միայն մեկ տարի: Մեջլիսի ընդունած նոր որոշմամբ` հոկտեմբերի 2-ից դրա ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով:
Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում էր, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: