Բայդենը վստահ չէ, որ իր եռանդը կբավականացնի նախագահական ընտրություններին մասնակցելու համար
International newsԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել նախագահական մրցավազքին իր մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քաղաքական գործիչը սեպտեմբերի 3-ին ելույթ է ունեցել Ատլանտայում, որտեղ նրան հարց են տվել Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածության հնարավոր առաջադրման վերաբերյալ:
«Իմ որոշման համար ամենակարեւոր գործոնն այն է, թե ես ու իմ ընտանիքը բավականաչափ էմոցիոնալ էներգիա ունենք արդյոք ընտրություններին մասնակցելու համար: Հենց այժմ, նայելով ձեր աչքերին, ես չեմ կարող ասել, որ կարող եմ դա անել»,- Reuters գործակալությունը մեջբերել է Բայդենի խոսքը, որը վերջերս կորցրել է որդուն, ով մահացել է ծանր հիվանդությունից:
Ներկայում Դեմոկրատական կուսակցությունից նախագահական մրցարշավին մասնակցելու հիմնական թեկնածուն ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: