Աֆղանստանում 300-ից ավելի դպրոցական աղջիկներ են հոսպիտալացվել գազի թունավորումից
International newsԱֆղանստանում մեկ շաբաթվա ընթացքում տեղական հիվանդանոցներ են տեղափոխվել գազից թունավորված 300-ից ավելի դպրոցական աղջիկներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WCVB պորտալին: Ոստիկանությունը կասկածում է, որ միջադեպերը անհայտ անձանց չարամիտ գործողությունների հետեւանք են:
Սեպտեմբերի 3-ին երկրի հյուսիսի Հերաթ քաղաքում 115 դպրոցական աղջիկներ են հոսպիտալացվել այն բանից հետո, երբ թունավորվել են դեռեւս չպարզված գազից, հայտարարել է շրջանային հիվանդանոցի ներկայացուցիչ Մոհամադ Ռաֆիկ Շերզայը:
Նրա խոսքով՝ աղջիկներն 9-ից մինչեւ 18 տարեկան են: Շերզայը նշել է, որ դա այս շաբաթ նույն քաղաքում այդօրինակ արդեն երրորդ միջադեպն է: Սեպտեմբերի 2-ին նույն այդ դպրոցում 68 աղջիկ էր թունավորվել:
Ավելի վաղ 140 աշակերտուհիներ էին հոսպիտալացվել Հերաթի մեկ այլ դպրոցից, որտեղ անհայտ անձինք գազ էին կիրառել:
Տեղի իշխանություններն այն կարծիքին են, որ թունավորման դեպքերը միտումնավոր են եղել, սակայն մեղավորներին առայժմ չեն հայտնաբերել:
Ենթադրվում է, որ դա իսլամիստների ձեռքի գործն է, որոնք խոչընդոտում են կրթություն ստանալու կանանց բոլոր փորձերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: