Բուլղարական թուրքերին թույլ չտվեցին դպրոցներում թուրքերեն ուսանել
International newsnews.am-ը գրում է.
Բուլղարիայի խորհրդարանը վերջնականապես մերժել է դպրոցներում մայրենի լեզուն ուսումնասիրելու մասին «Հանուն իրավունքի եւ ազատության շարժում» կուսակցության օրինագիծը: Այս մասին գրում է բուլղարական «Տրուդ» պարբերականը: Նշենք, որ կուսակցության ղեկավարությունն ու անդամների մեծ մասն էթնիկ թուրքեր են:
«Այսպիսով, պարտադիր է մնում միայն բուլղարերենը՝ բացառությամբ օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների: Այն աշակերտները, որոնց մայրենի լեզուն բուլղարերենը չէ, այլ, ասենք, թուրքերենը կամ հայերենը, կարող են ուսումնասիրել այն, բայց ո՛չ որպես պարտադիր ծրագրային առարկա»,- նշել է պարբերականը:
«Հանուն իրավունքի եւ ազատության շարժում» կուսակցության ներկայացուցիչները գործընկերների մերժումն ազգային փոքրամասնությունների թաքնված ձուլում են կոչել: Ընդդիմախոսներն էլ հերքել են՝ նշելով, որ ազգային փոքրամասնությունները կարող են ուսումնասիրել որպես ընտրովի առարկա: