Պորոշենկոն նշել է Ուկրաինայի իրադրության զարգացման երեք տարբերակ
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ գոյություն ունի Դոնբասը Կիեւի վերահսկողությանը վերադարձնելու երեք տարբերակ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, նա պատմել է «5-րդ ալիքի» եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Առաջինը հարձակումն է, տարածքները ռազմական գործողություններով ազատագրելը եւ ռազմարշավը Մոսկվայի վրա: Երկրորդը պարիսպ կառուցելն է, տարածքի մի մասը տալը՝ հայտարարելով, թե կապրենք առանց Դոնբասի»,- ասել է նա, նշելով, որ, որպես պետության ղեկավար, մտադիր չէ «ուկրաինական հողի մի կտորն իսկ զիջել»:
Երրորդ տարբերակը, ինչպես հայտարարել է նախագահը, «Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումն է այդ տարածքի նկատմամբ»: «Այդ ուղին կոչվում է Մինսկի համաձայնություններ»,- ճշտել է Պորոշենկոն:
Ընդսմին նա նշել է, որ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունների անցկացման դեպքում Կիեւը կպահանջի խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: «Այժմ կա վտանգ, որ հոկտեմբերի 18-ին կամ նոյեմբերի 1-ին օկուպացիոն իշխանությունը կարող է անցկացնել անօրինական ընտրություններ: Դա շատ վտանգավոր է Մինսկի համաձայնությունների համար»,- նախագահի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը: