Ֆրանսիացի ընտրողները պատրաստ չեն Օլանդին աջակցել 2017 թվականի ընտրություններում
International newsՖրանսիացի ընտրողները պատրաստ չեն 2017 թվականի նախագահական ընտրություններում աջակցել Ֆրանսուա Օլանդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց է տալիս IFOP ֆրանսիական հետազոտական ծառայության կողմից անցկացված վերջին հարցումը, որը հրապարակվել է Le Figaro թերթում, պետության գործող ղեկավարի օգտին մտադիր է քվեարկել համաքաղաքացիների միայն 19 տոկոսը: Այդպիսով, եթե Օլանդը որոշի իր թեկնածությունն առաջադրել նոր ժամկետի համար, ապա նա կարող է հայտնվել ընտրական մարաթոնի հետնապահի դերում եւ չանցնել երկրորդ փուլ:
Հարցման արդյունքների համաձայն՝ ընտրությունների առաջին փուլի առաջատարը կդառնար Ազգային ճակատի ղեկավար Մարին Լե Պենը: Նա կարող է ակնկալել ընտրողների ձայների 27 տոկոսը կամ նույնիսկ 29 տոկոսը՝ կախված այն բանից, թե ով կլինի նրա մրցակիցն աջ թեւում:
Վերլուծական ծառայության տվյալներով՝ «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից հավանական հավակնորդներից յուրաքանչյուրը՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ արտաքին գործերի նախկին նախարար Ալեն Ժյուպեն, կստանան ձայների 25-ական տոկոսը: Ազգային ճակատի առաջնորդի հետ առավել հաջող կմրցակցեր Նիկոլա Սարկոզին: Այս դեպքում ընտրությունների առաջին փուլում նրանց կբաժաներ ընդամենը 2 տոկոս:
Ինչպես նշել է IFOP նախագծի տնօրեն Ժերոմ Ֆուրկեն, Օլանդին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում դրական դինամիկայի հասնել ընտրազանգվածի տրամադրություններում: «Ընդհակառակը, նախագահը տանուլ է տալիս իր մրցակիցներին՝ կորցնելով երկրորդ փուլ անցնելու շանսերը»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: