Թուրքիայում դատապարտում են «Հուրիեթ»-ի խմբագրության վրա իշխանական ուժերի հարձակումը
International newsԹուրքիայի լրագրողական կառույցները խստորեն դատապարտել են թուրքական հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի լրագրողների ընկերակցությունը փաստել է, որ երկրում մամուլի ազատության շուրջ անհանգստությ ուններն ու մտահոգություններն աստիճանաբար ավելանում են:
«Լրագրողների և լրատվականների պաշտապանությունը պետության կամ, այլ կերպ ասած, իշխանության պատասխանատվությունն է: Մի հասարակությունում, որտեղ չկա խոսքի ազատություն, անհնար է խոսել ժողովրդավարությունից: Մենք դատապարտում ենք «Հուրիեթ» պարբերականի խմբագրատան վրա հարձակումը»,- նշել են ընկերակցության անդամները` հույս հայտնելով, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա իրականացված հարձակումների պատասխանատուները կարճ ժամանակում կբացահայտվեն:
Հարձակման մասին խոսել է նաև «Հուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը` արձանագրելով, որ կատարվածը Թուրքիայի ժողովրդավարության պատմության մեջ ավելացավ որպես սև էջ: Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում փաստաբանները համապատասխան գործընթաց կսկսեն հարձակման առնչությամբ:
Հարձակումը քննադատել են նաև ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջնորդները: ՀԺԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ կատարվածը «Թուրքիայի ժողովրդավարության համար ամոթ է»: Իսկ ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին հարձակումը որակել է որպես տգեղ արարք:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները հարձակում են գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից բաղկացած 200 հոգանոց խումբը հարձակվել է պարբերականի գլխավոր խմբագրատան վրա: Սեպտեմբերի 6-ի գիշերը` Թուրքիայի ժա մանակով 23:15-ին, բողոքարարները, կոտրելով արգելապատնեշը, փորձել են մտնել շենք: Անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ և ուժի կիրառմամբ կարողացել են թույլ չտալ նրանց մուտքը շինություն: Այդուհանդերձ, ցուցարարները կոտրել են շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր են նետել: