Ադրբեջանում Եվրոպայի համաձայնագրի չափանիշների նկատմամբ վերաբերմունքն անհանգստացնող է. ԵԽԽՎ
International newsԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովը խորն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների, հասարակական ակտիվիստների դեմ դատարանների ընդունած անհեթեթ վճիռների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի համաձայնագրի չափանիշների նկատմամբ վերաբերմունքն Ադրբեջանում «լուրջ անհանգստություն է ծնում»:
ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովը իրավապաշտպաններ Անար Մամեդովի, Ռասուլ Ջաֆարովի. Լեյլա Յունուսի եւ Խադիջա Իսմայիլովայի մասին ընդունված որոշումները գնահատում է որպես Ադրբեջանում ռեպերսիվ քաղաքականության շարունակություն:
Հանձնաժողովը գտնում է, որ նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, այդ թվում` մամուլի ազատության ապահովումն Ադրբեջանում հատուկ նշանակություն ունի:
Դրա հետ միասին Եվրոպայի կայունության նախաձեռնության հիմնադիր Գերալդ Կնաուսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է սկսի արգելքներ դնել Ադրբեջանում այդ ռեպրեսիվ մեքենայի մաս կազմող պաշտոնյաների այցերին:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել անհիմն մեղադրանքներով ձերբակալված եւ դատապարտված իրավապաշտպաններին` Կնաուսն ասել է, որ «անհրաժեշտ է մտքերի փոխանակություն անցկացնել, եւ երբ Բաքվում անցնում են կարմիր գծերը, Ադրբեջանը պետք է հեռացվի Եվրոպայի Խորհրդից, իսկ Եվրոպայի Խորհուրդը պետք է վերանայի այդ ռեժիմի հետ իր հարաբերությունները»:
Գերմանական Bild թերթն էլ, կոչ անելով սեփական կառավարությանը Ադրբեջանում բռնաճնշումներին վերջ դնելու համար կոնկրետ քայլեր կատարել, գրել է. «Եվրամիությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի դեռ այդ երկիրը չի ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին»:
Թերթը նաեւ հավելել է, որ «պետք է սառեցնել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության քվերարկելու իրավունքը ԵԽԽՎ-ում»: