Օլանդը եւ Քեմերոնը պայմանավորվել են համաձայնեցնել գործողությունները ԻՊ-ի դեմ պայքարում
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պայմանավորվել են փոխհամաձայնեցնել երկու երկրների գործողությունները Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ քննարկել են միգրանտների ներհոսքի հետ կապված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
«Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Նրանք քննարկել են Սիրիան եւ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի գործողությունների ուժեղացումը, որպեսզի փոխհամաձայնեցնեն իրենց պայքարը ԻՊ-ի դեմ եւ զուգահեռ աշխատեն իշխանության քաղաքական փոխարինման հասնելու նպատակով»,- ասված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ կարծիքներ են փոխանակել միգրանտների ներհոսքի շուրջ, որը ալեկոծել է Եվրոպան: Օլանդը վերստին հայտարարել է առաջիկա երկու տարում 24 հազար փախստականների ընդունելու Ֆրանսիայի մտադրության մասին եւ կարծիք է հայտնել, ըստ որի՝ ԵՄ-ում անհրաժեշտ է մշակել Միության անդամ երկրների միջեւ փախստականների հավասար բաշխման մշտական եւ կատարման համար պարտադիր մեխանիզմ: Իր հերթին Քեմերոնը հավաստել է մինչեւ 2020 թվականը 20 հազար փախստականների ընդունելու Լոնդոնի պարտավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: