Ադրբեջանցի եւս մեկ դիվանագետ է քաղաքական ապաստան խնդրել արտասահմանում
International newsԱդրբեջանում շարունակվում է արտգործնախարարության արտասահմանյան ներկայացուցչություններում դիվանագետներին պաշտոններից հեռացվելու հետ կապված սկանդալը. Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան եւս մեկ դիվանագետ է քաղաքական ապաստան խնդրել այդ երկրում:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից հետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Նա արդեն երկու ամսից ավելի այդ երկրի մայրաքաղաքում սպասում է ուսումնական վիզայի:
Անար Հուսեյնովը պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ դիվանագիտական առաքելությունում առկա կոռուպցիայի եւ կեղծիքների փաստեր էր հրապարակել Ադրբեջանում: Անար Հուսեյնովը բացահայտել էր Ավստրալիայում ադրբեջանական դեսպանատան կողմից կոռուպցիայի փաստեր, ինչպես նաեւ դեսպանի կողմից ալկոհոլի եւ ծխախոտի ապօրինի բիզնեսը, սակայն, դա միակ պատճառը չի եղել:
Հասանովի եւ այլ դիվանագետների վրա ճնշումը սկսվել է այն բանից հետո, երբ նրանք Ֆեյսբուքում «հավանել» են դրել Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի պաշտոնազրկված դեսպան Արիֆ Մամեդովի հայտնի հոդվածի տակ, որը խստորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Դիվանագետներից սկսել են պահանջել գրավոր բացատրություններ տալ եւ դեմ հանդես գալ Արիֆ Մամեդովին: Դիվանագետների մերժումից հետո նրանց սկսել են հետապնդել, հաղորդում է «Թուրան»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացրել է Արիֆ Մամեդովին եւ Անար Հուսեյնովին: Նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել` մեղադրելով ինչ-որ «ապօրինի» գործողությունների մեջ:
Haqqin.az-ին հայտնի է դարձել, որ երեք դիվանագետներն էլ քաղաքական ապաստան են խնդրել արտասահմանում: