Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
International newsԵվրախորհրդարանի Լիբերալ-դեմոկրատական ալյանս խմբակցությունը (ALDE group) խորհրդարանում վաղն անցկացվելիք նիստում Ադրբեջանում բռնաճնշումների հետ կապված բանաձեւի նախագիծ է ներկայացնելու:
Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել խմբակցության Նիդեռլանդներից անդամ Մարիետ Շակեն:
«Եվրոպայի խորհրդարանը շտապ կարգով պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իարվունքների վիճակի հետ կապված բանաձեւի նախագիծ եւ քվեարկություն անցկացնի: Բանաձեւի նախագիծը ներկայացնելու է ALDE grup խմբակցությունը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Այդ խմբակցության անդամներն օրերս դատապարտել էին Ադրբեջանում իշխանությանը քննադատած անձանց վերաբերյալ ընդունված դատավճիռները եւ Եվրամիությանը կոչ արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում բռնաճնշումների դեմ: Խմբակցությունը հանդես էր եկել «Եվրամիությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանում քննադատական ձայներին բանտեր նետելու կապակցությամբ» վերնագրով հայտարարությամբ:
Եվրախորհրդարանի ALDE group խմբակցության անդամ է նաեւ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Ադրբեջանի գծով զեկուցող Աննելի Յաատենմակին:
Ենթադրվում է, որ սեպտեմբերի 10-ին Բրյուսելում կընդունվի Ադրբեջանում բռնաճնշումների վերաբերյալ բանաձեւը:
Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ դատապարտող բանաձեւի հավանական ընդունմանը զուգահեռ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով հանդես է եկել այդ երկրում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
«Դատական համակագում մեքենայությունների մասին բաց խոսողներին պատժող կառավարության դեմ պատժամիջոցներն ամենաուժեղ միջոցն է: ԱՄՆ-ի կառավարությունն անհանգստություն արտահայտող հայտարարություններից պետք է անցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների», - EurasiaNet.org-ի փոխանցմամբ` հայտարարել է Կոզլարիչը: