Ռուսաստանն ու Իրանն այժմ քննարկում են «նավթ էլեկտրակայանի դիմաց» ձևաչափով գործարքը: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Թեհրանում անցկացվող բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները:
Քննարկվող պայմանագրի առաջին փուլի արժեքը կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար, ասել է աղբյուրներից մեկը՝ չբացահայտելով իրանական նավթի հնարավոր մատակարարումների ծավալներն ու լոգիստիկան:
Նավթի առաջին մատակարարումների վճարի դիմաց կարող է մինչև 2017 թվականն Իրանում գործարկվել 7 ջերմային էլեկտրակայանների կառուցման «Технопромэкспорт»-ի նախագիծը, նշել են աղբյուրները, որոնց տվյալներով՝ այդ պայմանագիրը ստորագրվելու դեպքում կարող է ներդրվել «նավթ ապրանքների դիմաց» ձևաչափով քննարկվող համաձայնագրում:
Իրանը պատրաստ է մատակարարել օրական մինչև 500 հազար բարել նավթ՝ ռուսական ապրանքների և սարքավորումների դիմաց, իսկ Մոսկվան վերավաճառել իրանական նավթը, օրինակ, Չինաստանին: